|
22-23.10.2026 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը «Հայաստանի անվտանգության ընկալումների վերաիմաստավորում՝ տարածաշրջանային փոխկապակցվածության, տնտեսական համագործակցության և փոխադարձ կախվածության տեսանկյունից» թեմայով ելույթ է ունեցել Ստամբուլի «Մեդենիյեթ» համալսարանի կողմից ՆԱՏՕ-ի «Գիտությունը՝ հանուն խաղաղության և անվտանգության» ծրագրի օժանդակությամբ անցկացված «Ընդլայնված սևծովյան տարածաշրջան 2030․ սպառնալիքներ և աշխարհաքաղաքական մարտահրավերներ» հետազոտական համաժողովում։
11-13.10.2026 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Պրահայում կայացած Forum 2000 համաժողովին՝ մասնակցելով Արևմտյան Բալկանները և Արևելյան Գործընկերության տարածաշրջանը միավորող գործընկերության նպատակով նոր փորձագիտական ցանց ստեղծելու հնարավորության մասին քննարկմանը։
23.9.2026 Հոկտեմբերին կմեկնարկի «Երիտասարդության հզորացում․ ժողովրդավարական դիմակայունության զարգացում՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ» նախագծի իրականացումը՝ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի հետ համագործակցությամբ, ԵՄ-ի և Գերմանիայի Մարշալի հիմնադրամի տրանսատլանտյան հիմնադրամի օժանդակությամբ։
Ծրագրով նախատեսված է մի շարք քաղաքներում, որտեղ առաջիկա ամիսներին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, կազմակերպել քննադատական մտածողության և մեդիագրագիտության դասընթացների շարք, ինչպես նաև իրականացնել թվային տեղեկացման գործողություններ՝ օտարերկրյա տեղեկատվական միջամտությունը մատնանշելու, մեդիագրագիտությունը և ընտրություններին մասնակցությունը խթանելու համար։
4.7.2026 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է հունիսի 7-ին կայացած ընտրությունների արդյունքները Բուդապեշտի Mathias Corvinus Collegium-ի քաղաքագիտության կենտրոնի պոդկաստում (անգլերեն)։
20-27.6.2026 ՔՀԿ և Վիադրինա եվրոպական համալսարանի «սովորիր և բացահայտիր» ծրագրի շրջանակում հունիսի 20-ից 27-ը դպրոցների և քոլեջների սովորողների խումբն այցելել է Գերմանիա։ Մասնակիցները ներկա էին պրեզենտացիաների՝ Վիադրինա եվրոպական համալսարանում ուսման հնարավորությունների մասին, այցելել են գրադարան և թվային ոլորտի ուսումնասիրությունների կենտրոն, և ներկա են գտնվել դասախոսությունների։ Այնուհետև խումբը մեկնել է էքսկուրսիաների Բեռլին և Պոտսդամ՝ այցելելով թանգարաններ և տեսարժան վայրեր, ինչպես նաև ՀՀ դեսպանատուն՝ հանդիպելով դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հետ։
Շուտով կհայտարարվի նմանատիպ նոր ծրագրերի մասին։
21-23.5.2026 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանը մասնակցել է Պրահայում կայացած GLOBSEC ամենամյա անվտանգային համաժողովին, որի գլխավոր թեման էր` «Գլոբալ համակարգային փոփոխություն․ 21-րդ դարի լուծումներ՝ 21-րդ դարի մարտահրավերների համար»։
15.5.2026 ՔՀԿ նախագահ Արմեն Գրիգորյանի մեկնաբանությունը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին՝ Պրահայի Forum 2000 կազմակերպության կայքի համար։
12.5.2026 ՔՀԿ-ն կմասնակցի ԵՄ-ի և Գերմանիայի Մարշալի հիմնադրամի տրանսատլանտյան հիմնադրամի օժանդակությամբ իրականացվող «Ժողովրդավարական ընտրական համակարգեր և նոր տեսակի ապատեղեկատվության դեմ պայքար» նախագծին, որի նպատակն է՝ ուսումնասիրել Հայաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Հունգարիայում, Բուլղարիայում և Ուկրաինայում օտարերկրյա տեղեկատվական միջամտությունը և ընտրությունների վրա ներազդելու մարտավարությունները (արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված ապատեղեկատվություն, ընտրակաշառք և այլն)։ Ծրագրի շրջանակում նախատեսված է՝ հրապարակել համեմատական վերլուծություն վերջին շրջանում ընտրությունների վրա ներազդելու համար կիրառված մարտավարությունների մասին, նախապատրաստել երկրների իշխանությունների, քաղաքացիական հասարակության և միջազգային դոնորների համար քաղաքականության առաջարկներով ամփոփագրեր՝ անդրադառնալով մշտադիտարկման, հաղորդակցության և օրենսդրական մեխանիզմների խնդիրներին, գործարկել տարածաշրջանային փորձագիտական ցանց՝ երկարաժամկետ միջազգային համագործակցության խթանման նպատակով, ինչպես նաև նախապատրաստել գրախոսվող գիտական հոդված։
|
|
|
|